«Ամոթի մուրը սրբելու աղոտ հույսի շաբաթ» վերտառությամբ մեր նախորդ նյութում՝ նվիրված Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների որակավորման երկրորդ փուլին մեր թիմերի մասնակցությանը, նշել էինք դրությունը փրկելու շանս, այնուամենայնիվ, լինելու մասին՝ ի մասնավորի նկատի ունենալով, որ հայկական ակումբային ֆուտբոլի գրանդները (Աստված շատ չհամարի) պատասխան խաղերում խփած-բացթողածների զրոյական ընդհանրական 10:0 հաշվեկշիռը կփորձեն խախտել:
Շտապենք ուրախացնել, որ անկախ երեկ կայացած «Շիրակ»-ԱԻԿ, «Ալաշկերտ»-«Կայրաթ» հանդիպումների ելքից, այդ բանը հաջողվեց Հայաստանի չեմպիոն «Փյունիկին», որը թիմի ղեկակալ Սարգիս Հովսեփյանի խաղը կառուցելու փայլուն մարտավարության արդյունքում ի՞նչ քարը քարի վրա, պարզապես վերցրեց ու քրքրեց «Մոլդեին»՝ վստահ հաղթանակ տանելով 1:0 հաշվով:
Ասում եք՝ 0:5 հաշվով պարտության կողքին 1:0-ն ինչ վստահ հաղթանա՞կ:
Բա եղա՞վ:
Բա եթե իմը չէ ու ձեր ասածն է, ապա ձեր կարծիքով ինչո՞ւ էր Նորվեգիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Տոր Օլե Սկուլերուդը երևանյան հանդիպման ելքի առնչությամբ հիասթափված, ու նույնպիսի զգացողություններ չուներ, ասենք, մեր Սարգիս Հովսեփյանը մեկ շաբաթ առաջ: Կարծում եք` մեր գլխավորը չգիտի՞ 1:0-ի ու 0:5-ի տարբերությունը: Պարզապես ընկալումներն են տարբեր: Հետո, մի մոռացեք՝ սա ֆուտբոլ է, ոչ թե պատվերով համերգ, որ վերցնեինք ու «Մոլդեին» վեց հատ գոլ խփեինք, ինչ է թե այդ հաշիվն էր մեր թիմը հանելու որակավորման երրորդ փուլ: Մենք հո անհյուրընկալ նորվեգացիներ չենք, որ չտեսի պես ընկնեինք մրցակցի ջանին ու ինչ ուզենայինք, ոնց ուզենայինք անեինք (էլ նորից նոր չհիշեցնեմ, որ վեց գոլով ավարտված խաղերը Սարգիս Հովսեփյանը որակում է որպես պատվերով համերգ):
Պե՞տք էր մրցակցին ապացուցել, որ մենք էլ գոլ խփել գիտենք:
Խփեցի՞նք:
Խփեցինք:
Բա էլ ի՞նչ եք ուզում:
Ապացուցեի՞նք, որ միայն վարսավիրներից, կոշկակարներից, փոստատարներից, պիցա բաժանողներից բաղկացած սիրողական թիմերի ի զորու չենք ծնկի բերելու:
Այնպես որ՝ «Փյունիկ», միայն ու միայն «Փյունիկ»:
Հ. Գ. 1.- Ամո՛թ, հազա՛ր ամոթ հայաստանյան հեռուստաընկերություններին, որ, իրենց անտաղանդ հեռուստասերիալներով ընկած, այս չքնաղագույն խաղը չհեռարձակեցին: Բա կարելի՞ է ազգին այսպես քոռ դանակով մորթել: Հետաքրքիր է՝ ո՞ւր է նայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, և մի՞թե այս ստորությունը մնալու է անպատիժ:
Հ. Գ. 2.- Որ չասեմ, սիրտս կպայթի: Դուք տեսա՞ք էդ Սեսար Ռոմերո չեղածին: Շատ էլ լավ է անում Սարգիս Հովսեփյանը, որ թիմից հեռացրել է: Դե հիմա թող գնա Ռուսաստանի պես երկրորդական-երրորդական առաջնություն ունեցող երկրում, էլ չեմ ասում Պերմի «Ամկարի» պես երրորդական-չորրորդական թիմում խաղա, արի մի ասա, թե որտեղից արյուն կաթա, որ խելքը գլուխը գա: Վիրավորանքի ոչ մի հետք չփնտրեք, ես լոկ ժողովրդական խոսքն եմ վկայաբերում` ո՞վ է տեսել, որ խոզի գլուխը խալիչի վրա կանգնի: Հետո՞ ինչ, որ այնտեղ է հանդես գալիս նաև արժեքային համակարգի ընկալման մեջ մոլորված Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ